Աղբիւր՝ www.tert.am

 

Ցեղասպանութեան տարիներին բռնազաւթուած հայոց եկեղեցական սեփականութեան վերադարձման հայցում ներառուած են լինելու ոչ միայն Անթիլիասին կամ Մայր աթոռին պատկանող հայոց եկեղեցիները, այլ բոլոր այն եկեղեցիները, որոնք եղել են Արեւմտեան Հայաստանում եւ Օսմանեան կայսրութեան տարածքում, եւ որոնց պատկանելութեան վերաբերեալ օսմաներենով սեփականութեան վաւերագրեր են առկայ:

Tert.am-ի հետ զրոյցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիւի եւ ձեռագրերի պահոցի տնօրէն Տէր Ասողիկ քահանայ Կարապետեանը` պատասխանելով հարցին, թէ արդեօք այդ եկեղեցապատկան գոյքի ցանկում ներառուած են լինելու, այսպէս կոչուած, Էջմիածնի ցուցակի եկեղեցիները (երիտթուրքերին ներկայացուած Էջմիածնի ցուցակում Մայր աթոռի եկեղեցիներն էին):

«Եւ այս առիթով Վեհափառ հայրապետն ասել է, որ Մայր աթոռը շուտով հրատարակութեանը կը յանձնի մի հատոր, որտեղ օսմաներեն վաւերագրերն են, որոնք կապուած են Հայոց եկեղեցու կալուածքների հետ՝ Արեւմտեան Հայաստանում եւ, առհասարակ, Օսմանեան կայսրութեան տարածքում»,- ասաց Տէր Ասողիկն ու մասնաւորեցրեց. «Այն, ինչ ունենք Արեւմտեան Հայաստանում, որոնք օսմաներենով` սուլթանական հրովարտակներով հաստատուած են, դրանց բնօրինակները եւ դրանց հետ կապուած փաստաթղթերը պահւում են նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական արխիւում»:

Յիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն «Ամերիկայի ձայն»-ին ասել էր, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Թուրքիային իր եկեղեցապատկան գոյքի վերադարձի շուրջ հայց ներկայացնելու դէպքում կը ներկայացնի, այսպէս կոչուած, Էջմիածնի ցուցակը, բայց թէ ինչ կառոյցներ կարող են դրանում ներառուել, թուրքագէտներն ու իրաւաբանները դժուարանում են պատասխանել, քանի դեռ պատմաբաններն ու իրաւաբանները հայցի հիմնաւորման վրայ են աշխատում։

Ինչ վերաբերում է Անթիլիասին, որ Թուրքիային Սիսի կաթողիկոսութեան մասին արդէն իսկ հայց է ներկայացրել, ապա Տէր Ասողիկ քահանան ճշգրտեց. «Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը` Անթիլիասը, առանձին միաւոր չէ, Հայ եկեղեցու նուիրապետական աթոռներից մէկն է, եւ ինքը ինչ-որ անում է, անում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդութեամբ, նրա հովանու ներքոյ: Եւ այն յայտը, որ ներկայացրել է, եկեղեցու ամբողջական ծրագրի մի մասն է»:

Տէր Ասողիկ քահանայ Կարապետեանը մասնաւորեցրեց, որ Մայր աթոռը մի քանի տարի է, ինչ ուսումնասիրում է այդ պատմական արխիւը, եւ որ հայցը կը հրապարակուի Օսմանեան կայսրութիւնում Հայոց եկեղեցու կալուածագրերը ամփոփող աշխատութեան տպագրութիւնից յետոյ: Աշխատութիւնը կը հրապարակուի մինչեւ աշուն:

Ի պատասխան հարցի, թէ ոչ թէ մզկիթի վերածուած, այլ հիմնայատակ քանդուած հայ եկեղեցիների վերադարձն ինչ կերպ պիտի լինի, եթէ դրանք արդէն աւերակներ են, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիւի եւ ձեռագրերի պահոցի տնօրէնը նկատեց. «Դա իրենց խնդիրն է, ինչպէս կ'ուզեն, այնպէս կը վերադարձնեն: Մենք ունենք կալուածագրէր, որոնք վկայում են, որ այս, այս, այս կառոյցները շինութիւնները պատկանում են Հայոց եկեղեցուն: Իմաստուն մարդը պիտի հասկանայ, որ եթէ դրանք դարեր շարունակ պատկանել են ինչ-որ մի ժողովրդի եւ վաւերացուած են տիրողների յատուկ թղթերով, նրանք ի սկզբանէ ճանաչել են մեր բնիկ իրաւունքները»:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի Թուրքիայի բաժնի աւագ գիտաշխատող Անուշ Յովհաննիսեանը Tert.am-ի հետ զրոյցում տեղեկացրեց, որ դեռ 1913-1914 թթ. Կոստանդնուպոլսում Հայոց պատրիարքարանի կողմից կազմուել է Մայր աթոռին պատկանող (բացի Վասպուրականից ) գոյքի մի ամբողջական ցուցակ, ինչը պահանջել էր Երիտթուրքերի կառավարութիւնը:

Անուշ Յովհաննիսեանը յաւելեց, որ հայկական եկեղեցապատկան կալուածքների մի աւելի թարմ ցուցակ 2009-ից յետոյ, այսինքն` հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ ներկայացրել է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը:

Ի պատասխան հարցի, թէ, այնուամենայնիւ, մօտաւոր հաշուարկներով քանի եկեղեցու մասին կարող է խօսք գնալ, Անուշ Յովհաննիսեանը նկատեց. «Այս վերջին` Կոստանդնուպոլսի պատրիարքարանի կողմից ներկայացուածում հազարների հասնող գոյք-անուն էր, որից վերջում մնացել էր մօտ 400 միաւոր, քանի որ թուրքական պետութիւնը կրճատել էր եւ հաստատել էր 400-ը, որից էլ մէկ-երկու եկեղեցապատկան հող էր որոշուել վերադարձնելու»:

Ըստ հայկական ազատ հանրագիտարանի` 1914 թ-ին Արեւմտեան Հայաստանում կար 4,000 հայկական եկեղեցի եւ վանք։ Ներկայումս կանգուն են մնացել 100-ից պակաս, որոնց հիմնական մասը Անիում է:

Յուշարձանագէտ Սամուէլ Կարապետեանը խօսելով Թուրքիայում հայկական յուշարձանների պահպանման եւ վերականգնման մասին՝ նշել էր, որ Անիում կորուստներ կան, բայց թուրքերը տասնամեակների ընթացքում այս հնաւայրերի հետ չեն վարուել այնպէս, ինչպէս վարուել են հարիւրաւոր այլ յուշարձանների հետ: Պատճառն այն, որ աշխարհն է ճանաչում այդ յուշարձանները, մեր օրերում առաւել եւս նրանք չեն կարող գործել այնպէս, ինչպէս գործել են 50-ական թուականներին:

Իսկ հայկական ճարտարապետական միւս յուշարձաններ էլ, որոնք ԵՄ կամ ԵԽԽՎ պահանջներով վերականգնուել են, ապա վերականգնուել են համաձայն խաչերից ձերբազատուելու քաղաքականութեան. յուշարձանները վերականգնելիս խաչերը չեն վերականգնում:

Յիշեցնենք, որ բացի հայկական պատկանելութեան յուշարձանների ինքնութեան նշանները ոչնչացնելուց, թուրքական իշխանութիւնները տարիներ շարունակ փոխել են Արեւմտեան Հայաստանի կամ, առհասարակ, Թուրքիայի տարածքում գտնուող հայկական նախկին բնակավայրերի ոչ թուրքական հնչեղութիւն ունեցող տեղանունները։ Եւ ինչպէս Tert.am-ին փոխանցել էր թուրքագէտ Ռուբեն Մելքոնեանը՝ հայաստանեան պատմաբանների մօտաւոր հաշուարկները ցոյց են տուել, որ փոխուել է մօտ 24.000 հայկական տեղանուն, եւ կան ընդամէնը մի քանի պահպանուածներ, որոնցից ամենայայտնիներն են՝ Մուշ, Վան, Սասուն:

Օրինակները բազմազան են. թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բիթլիս նահանգի պաշտօնեաների կողմից հնչել է առաջարկ՝ Վանայ լիճը կոչել Թաթուանի ծով, Ահլաթի լիճ կամ Բիթլիս-Վանի լիճ։

Թուրքիայում նախորդ դարի 40-ական թուականներից մեկնարկած այս արշաւի ընթացքում փոխել են անգամ կենդանիների ու մրգերի անունները: Դրանց ամենացայտուն օրինակներն են՝ Վանայ կատուն ու prunus armeniaca-ն` (լատիներէնից՝ «հայկական սալոր») ծիրանը: